Որպես նախաբան
Հորինելու, բստրելու, մոգոնելու, ստեղծագործելու, երևակայելու, և դրանց արդյունքում էլ ստեղծված հորինուկների, պատումների, ստեղծականության մասին չխոսել՝ անհնար է:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության հիմքում ստեղծականությունն է, ստեղծագործական միտքն ու մտածողությունը:
Հեղինակային կրթական ծրագրի մասին խոսելիս, որի հիմքում ստեղծականությունն է, հնարավոր չէ չանդրադառնալ 20-րդ դարի իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիին, իր «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկին, որն ստեղծագործական հնարների մի ողջ զինանոց է առաջարկում:
Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որի մեջ ընդգրկված գործունեության բոլոր ձևերը փոխկապակցված են որպես նախագծեր: Գործունեության բոլոր ձևերի հիմքում առաջնայինը ստեղծականությունն է, ստեղծագործական երևակայության զարգացումը: Ռոդարին, ռոդարիական հնարքները, արդյունքում ստեղծված ռոդարիկները (որպես մեթոդ, ստեղծագործական հնարքների մի ողջ զինանոց) անընդհատ են և ամենուր:
«Ինչո՞ւ է ստեղծագործական երևակայությունը կարևոր»: Պատասխանում է Ջաննի Ռոդարին:
«Բառին ազատ տիրապետելը՝ բոլորին» նշանաբանը լավ, դիմացկուն ժողովրդավարական հնչեղություն ունի: Ոչ նրա համար, որ բոլորը արվետագետներ դառնան, այլ որպեսզի ոչ ոք ստրուկ չլինի: